?

Log in

No account? Create an account
Previous Entry Share Next Entry
(no subject)
лис
koreolan

Originally published at Կորեոլան. You can comment here or there.

Այս թեմային փակ գրառումով մի անգամ անդրադարձել եմ, բայց երևի պետք էր բաց գրառումով: Չգիտեմ, կամռադներից մեկի գրառումը դրդեց, որ նորից գրեմ այս թեմայով, որը, ասեմ, իմ համար շատ տհաճ է: Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի մասին է: Կենտրոնում ամեն օր կատարվողը, թող չափազանցություն չլինի, մի երկու դյուժին պոտենցիալ քրեական գործ է: Կենտրոնն ինքն իրենով մռայլ ու դեպրեսիվ տեղ է – նույնիսկ պատերի տեսքն է արագացնում քաղցկեղի բջիջների բազմացումը, իսկ պատուհաններից բացվող տեսարանը դեպի Քանաքեռի ու Զեյթունի գերեզմանոցներ, անկասկած, հույսի լրացուցիչ լիցքեր է հաղորդում հիվանդներին: «Ե՞րբ պիտի մեռնենք, պրծնենք սրանցից» – սա ի նկատի ունեմ «հույսի լրացուցիչ լիցքեր ասելով»: Այո, այո, ահա այս բառերը կարելի է կարդալ բազմաթիվ ու բազմաթիվ հիվանդների երեսներին ու այդ շատերին կյանքի հետ կապող միակ բանը, ըստ էության, հարազատների սերն է: Բայց այդպիսի դեպրեսիայի ու աշխարհից զզվելու պատճառը պատերը և սոսկ գերեզմանոցները չեն, դրանք երկրորդական պատճառներ են ու եթե չլինեին հիմնական պատճառները, մարդիկ պատերին բանի տեղ չէին էլ դնի, իսկ գերեզմանոցները կլինեին միայն սիրված սև հումոր: Իսկ աշխարհից զզվելու հիմնական պատճառը պրիմատներն են: Մատներս հրաժարվում են հիվանդանոցի բուժանձնակազմի վերաբերյալ տպել «մարդ» բառը. ես անկեղծորեն փորձեցի, չստացվեց, այնպես որ ստիպված եմ բավարարվել «պրիմատ» բառով: Չէ, բուժանձնակազմի մեջ, հավանաբար հանդիպում են նաև մարդիկ, համենայն դեպս մի 4-5 մարդու այնտեղ տեսել եմ, բայց այդ 4-5-ը ուղղակի աննկատելի էին այն մի քանի տասնյակի ֆոնին ում տեսա ու ում մասին լսեցի:

Տեսա այնտեղ մի կնոջ: Արդեն չեմ հիշում, թե Սյունիքի որ գյուղից էր: Ես գյուղացի տեսած մարդ եմ ու այդ կնոջը նայելն իսկ բավարար եղավ, որ իմանամ, թե ինչ պայմաններում է նա պայքարում կյանքի համար: Երևանում մնալու տեղ չունի, ստիպված է գնալ գալ, իսկ դա ծախսեր, ծախսեր, վիրահատության համար, որը պիտի անվճար արվեր պետպատվերի շրջանակներում, վճարել է մի 200-300 հզ. դրամ, գումարած անալիզներ, դեղեր, դեղեր, թերապիաներ, գումարած ամեն քայլափոխի փողի պահանջ: Մեկ օրվա մեջ հիվանդանոցում երևի մի 20-30 հոգի փող է պահանջում: Կնոջ ընտանիքն այդպիսի գումարներ ուղղակի չունի, միակ կովն են վաճառել կամ տղան է ռուսաստաններում օրը 25 ժամ գումար ու գումարի հետ հիվանդություններ վաստակում, մի քիչ էլ հարևաններն ու հարազատներն են օգնել, որ ահա գա ու ապրելու շանս ստանա: Չեմ հարցրել ոչինչ, միայն թե որտեղից է, մնացածը կարդացել եմ դեմքին:

Տեսա մի ուրիշին, ում բախտը բերել էր և 3 տարի առաջ ժամանակին էր հայտնվել հիվանդանոցում, այնքան ժամանակին, որ եթե վիրահատվեր, այլևս ոչ մի խնդիր չէր ունենա, բայց …, բայց մինչև պահանջվող գումարը հավաքել էին, ժամանակն անդառնալիորեն անցել էր, և կինն ու իր հարազատները երեք տարի շարունակ պայքարում էին մահվան ու չքավորության դեմ: Մանրամասները չեմ հարցրել, միայն այն, որ 3 տարի առաջ չկարողացան ժամանակին գումարը հավաքեն: Մնացած ամբողջը գրված էր դեմքին: Ո՞վ հաղթող դուրս եկավ այդ անհավասար պայքարում:

Մի այլ օր ուշ գնացի ու տեսա, որ հիվանդանոցում անսովոր առնետավազք էր: Պարզվեց՝ մարդ էր մահացել: Սրտի վիրահատություն տարած մեկը: Ընդամենը եկել էր անալիզներ հանձնելու: Ուղարկել էին ինչ-որ ստուգման, ինչ-որ ռենտգենոտ մի տեղ: Սրտի վիրահատություն տարածներին այդ ստուգումից առաջ պիտի ուրիշ ստուգումներ անեին, որ համոզվեին, որ անվտանգ է, չէին արել, իսկ մարդու սիրտը չէր դիմացել: «Օրներս հարամ եղավ». դժգոհ, դժգոհ շպրտեց բուժ – ձեռքս նորից հրաժարվում է «քույր» սուրբ բառը գրել – բուժպրիմատներից մեկը: Այո, օրները հարամ եղավ, իսկ մարդն ընդամենը եկել էր անալիզներ տալու: Տանը երևի ասել էր. «տենց մի ժամից կգամ»:

Տեսա մի ինչ-որ օրգանի աշխատակցի. մորն էր բերել: Հիվանդանոցի պայմաններին ծանոթանալուց հետո, զայրացած հանել էր վկայականը ու բոլոր հարցերն անմիջապես այլ ընթացք էին ստացել: Պրիմատները վազվում էին շուրջը, ինչպես հավատարիմ շան քոթոթներն են վազվզում իրենց կերակուր բերած տիրոջ շուրջը, լիզում էին ձեռքերը, կոշիկները ու որ պահանջեր, տարբեր բնույթի սեռական ծառայություններ էլ կմատուցեին: Իր մոր առողջության հարցերը իրավապահ մարմինների այդ աշխատակիցը, անշուշտ, լուծեց, իսկ իր ծառայողական պա՞րտքը: Վատ մարդ չէր երևում տեսքից, բայց դե … :

Ու այդպես տասնյակ-տասնյակ դեպքեր, տեսարաններ, մարդկային ողբերգություններ ու ճակատագրեր, անելանելիությունից պատին գամվածներ ու … քարացած սրտեր, զարհուրելի ու արհեստավարժ ընչաքաղցություն և բացարձակ անտարբերություն մարդկայինի որևէ բանի նկատմամբ – ի՞նչ անտարբերություն, մարդկայինի ի սպառ բացակայություն: Ու այդ պրիմատները, հավանաբար, ունեն ընտանիքներ, գիշերները գնում ու հանգիստ քնում են, սիրում են իրենց երեխաներին ու չեն էլ մտածում, որ ամեն օր, երբ տուն իրենց զավակներին հաց են տանում, այդ հացի հետ հարյուրավոր անեծքներ են տանում: Գուցե ինչ-որ մարդկանց մոտ տողերս կարդալիս կարծիք ստեղծվի, թե գեղարվեստական չափազանցություններ են … շատ կուզեի, որ գոնե մի տառ չափազացություն լինի, բայց ցավոք ոչ: Գնացեք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն ու տեսեք ամեն ինչ ինքներդ: Այնտեղ գիրք կա դրված, բաց գիրք, այդ բոլոր ողբերգություններով, տառապանքներով, ճակատագրերով, պետք ուղղակի նկատել այդ գիրքը ու կարդալ: Չէ, էս ի՞նչ եմ ասում: Աստված չանի, որ կարիք ունենաք գնալ: Առողջ եղեք դուք էլ, ձեր հարազատներն էլ:



  • 1
Ոչ մի գեղարվեստական չափազանցություն:
Դեռ մի բան էլ կոռեկտ ես գրել:

Ես կարող եմ հասկանալ ամեն մի դժվարություն, որն առկա է այս երկրում, բայց այդ հիվանդանոցում- հիվանդանոց գրել էլ չեմ կարողանում- այդ հաստատոթւյունում այդչափ դաժան վերաբերմունքը հիվանդների նկատմամբ ուղեղս հրաժարվում է հասկանալ:

Ծանր հիվանդների համար, որոնք ԻԲՐ ԹԵ պետպատվերով են բուժվում, շրջաններից եկող ու թույլ մարդկանց համար միթե՞ անհնար է ստեղծել ԳՈՆԵ հետազոտման մարդավարի պայմաններ: Մի երկու հատ ավել ռենտգենի և էխոյի ապարատ գնել, ԳՈՆԵ նստարաններ շարել միջանցքներում, ԳՈՆԵ մարդկանց չստիպել մի թղթի կտորի համար գնալ ու գալ: Գավառից, Գյումրիից, Սյունիքից: Հիվանդ, չարքաշ, տառապելով:
Սա տարրական բաներն է, որ կարելի է մեկ երկու օրում անել:
Մնացածի մասին խոսելն անհնար է:
Ես կողմ եմ, որ տեսագրող սարքեր փակցնեն ամբողջ հիվանդանոցում ու տեսնեն ինչ տեսակ է այդ ՁՐԻ բուժօգնությունը:

զարհուրելի ու արհեստավարժ ընչաքաղցություն


+ 1000
Storagrum em amen barit tak.

Mer baxte enkanov er berel,vor hrashali Mard er mer bjishke.Baic menak bjishkov chi sahmanapakvum amen inch.Karkere u barkere anmardkain en.Patmel em mi aritov,te 3virahatutiunic mi kani rope araj vonc er en ashxarhe uxarkum proffesore amusnus.Endamene barerov...!!

Կորեոլան ջան, քո գրածը կարևոր չի: Էտ հեչ: Կարևորը, որ մենք ազգային լուրջ գործերով ենք զբաղված.

Օրինակ, կաթողիկոսը ինչ-որ բան ասել է սարի եկեղեցիների մասին, թե՞ ոչ, ինչ-որ տուֆտա երգիչ չփլախ քուրիկի հետ նկարվե՞լ է եկեղեցում մոտ, թե՞ ոչ, հայերը արիական ծագում ունե՞ն, թե՞ չունեն, Վասակ Սյունի՞ն էր լավ տղա, թե՞ Վարդան Մամիկոնյանը ու ըտենց լիքը բաներ: Թե չէ, այ ախպեր ընկեր ես ինչ-որ դժբախտ ճակատագրերի հետևից...

P.S.1 Էտ հիվանդանոցի մասին ես էլ եմ շաաաաաաատ վատ բաներ լսել:
P. S.2 Մենք չենք նկատում մեր կողքի մարդկանց:
P.S. 3 Դու գրելու շնորհք ունես, շատ գրի:

Ըհը: Ասենք սենց հիմար հարցի համար հո որևէ մեկը լրագրողական հետաքննություն չի՞ անց կացնելու: Շատ ավելի կարևոր են Եկեղեցու ավտոմեքենաների մակնիշները ու նույնիսկ պետհամարանիշերը: Օրինակ՝ արդյո՞ք դրանք գոլդ համարներ են: Կարևոր հարց է, չէ՞: Էլ չասեմ, որ ուղղակի անհարմար կլինի պահանջել հիվանդանոցի ղեկավարության կամ ասենք առողջապահության նախարարի հրաժարականը:

Մի բան եմ նկատում, մենք դարձել ենք անտարբեր մարդու նկատմամբ: Մոռանում ենք, որ երկրագնդի վրայի միակ արժեքավոր բանտ մարդու կյանքն ու հոգին է: Կաթողիկոսի օրինակը պատահակ չէր. մենք ինքներս թաղված ենք մեղքի մեջ, բայց խոսում ենք եկեղեցու մասին ու էտ հերիք չի` քննադատում ենք կաթողիկոսին, թե ինչ-որ բան ասել է, թե ոչ: Ասենք ասել ա, հետո՞...
Իմ մոտիկ ընկերն էլ ունի ուռուցքայի հիվանդություն: Վերջերս ահագին շփվել եմ հիվանդանոցների հետ: Շատ տխուր պատկեր ա: Եթե փող չունես (շաաաատ փող) կորած ես:

Քաղցկեղի թեմայով նայեք այս լինքը. http://www.hayeli.am/?lang=_arm&fl=getNEdetail&type=news&p=5&smid=4943&t=pressReleaseandEvents

Երկար-բարակ հարցազրույց է, բայց կարևորն այն է, որ ասում են, թե քաղցկեղի բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում` անվճար:

Դե երևի զուգահեռ տիեզերքներ կան, ու այդ զուգահեռ տիեզերքներից մեկում քաղցկեղի բուժումն իսկապես անվճար է: Ափսոս, որ մարդիկ այդ զուգահեռ տիեզերքներ գնալու ձևը չգիտեն:

> քաղցկեղի բուժումը իրականացվում է
> պետպատվերի շրջանակներում` անվճար:

Շատ խնդալու էր։

Հայրս վիրահատվեց այդ հիվանդանոցում, մի կերպ փողը հավաքեցինք տվեցինք, բա խեղճուկրակ գյուղացիները ինչ անեն՞՞՞ Ամենացավալին ու տհաճը` որ գիտես որ քո բուժումը պետպատվերով պետքա կատարվի, բայց փող են ուզում:
Չպաշտպանելով վիրահատող բժշկին, ինքս բժիշկ եմ, ասեմ որ ամենահավանականը, որ բուժման գումարը կամ հիվանդանոցին պետությունը չի տալիս, կամ հիվանդանոցի վերին օղակներն են ուտում: Բա բժիշկն էլ ինչ անի վիրահատության համար իրան պետությունը գումար չի տալիս, կամ տալիսա ծիծաղելի գումար, նա էլ ստիպված հիվանդից է ուզում:

Ձուկը միշտ էլ գլխից է հոտում:

  • 1